ԾԱՂԿԱԾ ԱՅԳԻՆ ԵՎ ԱՐԵԳ ԹԱԳԱՎՈՐԸ
Արան թագավորն իր ժողովրդով, հանդեսներով ու օրհնություններով ելավ Արեգին ու Տիրուհուն ընդառաջ: Ելան տեսան ի¯նչ սիրուն, ի¯նչ հրեղեն աղջիկ… արևին ասում է, թե` դու մայր մտի, ես քո փոխարեն լուս կտամ: Գնացին Այգին: Մութուլուսին-բարի լուսուն Հազարան Հավքը երգեց ու մշտադալար բուրյան վարդի փնջեր թափեց բերանից: Ու ի¯նչ հրաշք. Այգին կանաչեց, ծաղկեց առաջվանից էլ շքեղ, լի փարթամ հազարաձայն ու հազարագունի: Նրանք էլ որ գազան էին դարձել, մարդիկ դարձան` բանական հոգով: Եվ ամենն ու ամենքը դարձան ասես նորից նոր ծնված, մաքուր, անմեղ ու անարատ: Արեգն ու անտես-աննման Տիրուհին ամուսնացան: Յոթն օր, յոթը գիշեր հարսանիք արին Անմահական Այգում: Գուսանները լարեցին փանդիռները, զարկեցին թմբուկները, հնչեցրին փողերը ու երգեցին.
Երկներ Երկին
երկներ Երկիր
Երկներ և ծովն ծիրանի
Երկն ի ծովուն ուներ և զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծուխ ելաներ
Ընդ եղեգան փող բոց ելաներ
Եվ ի բոցոյն վազեր խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ուներ
Բոց ուներ մորուս
Եվ աչքունքն էին արեգակունք:
Ծերունի Արան թագավորը իր թագավորությունը հանձնեց Արեգին: Արեգը բազմեց հոր գահին, եղավ բարի արքա ու էն երկնքի պայծառ արևի նման արարչական սիրով արդար ու բարի թագավորեց հար ու հավիտյան: