Մյուս օրը աղվեսը ետ գալիս է, թե՝ Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի, ձեր կոտը տվեք, չափենք կբերենք։
Կոտն առնում է տանում։ Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ բերում։
— Օֆ,— ասում է,— մեռանք մինչև չափեցինք։ Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում։ Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում։
Անց է կենում մի քանի օր։ Մի օր էս աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե՝ Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է։
Թագավորն ուրախանում, աշխարհքով մին է լինում։
— Դե գնացեք, ասում է, շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք։
Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում։
Վազում է ջաղացպանին աչքալույս տալի, թե՝ հապա թագավորի աղջիկը քեզ համար ուզել եմ։ Պատրաստ կաց, որ գնանք հարսանիք անենք։
— Վա՜յ, քու տունը քանդվի, այ աղվես, էդ ի՞նչ ես արել,— ասում է վախեցած ջաղացպանը։— Ես ով, թագավորի աղջիկը ով։ Ոչ ապրուստ ունեմ, ոչ տուն ու տեղ, ոչ մի ձեռք շոր… հիմի ես ի՞նչ անեմ..
— Դու մի վախենա, ես ամեն բան կանեմ, հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ։
Վազելով ընկնում է պալատը. Հայ-հարա՜յ, Չախչախ թագավորը մեծ Գանգեսով գալիս էր, որ պսակվի։ Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան։ Ինքը ազատվեց փախավ։ Ձորում մի ջաղաց կա, եկել է մեջը մտել: Ինձ ուղարկեց, որ գամ իմաց անեմ, շոր տանեմ, գա պսակվի շուտով գնա իր թշնամիներից վրեժն առնի։
Թագավորը իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն։
Շարունակել կարդալ “ՉախՉախ թագավորը Բ մաս”