Գյուղացու մեկն ունենում է մի հիմար տղա՝ անունը Փիլոս: Մի օր, հանդից վերադառնալիս սա մի ասեղ է գտնում ճանապարհին, գցում է սայլի մեջ, որ բերի տուն: Ու, տուն հասնելով, մորն ուրախացնում է,թե քեզ համար ասեղ եմ բերել: Որքան փնտրում է՝ ասեղը չի գտնում սայլի մեջ:
Այդ ժամանակ մայրը հանդիմանում է նրան.
— Հիմա՛ր,- ասում է,-գտած ասեղը շորի կուրծքը կամ թևքը կխրեն, ոչ թե սայլի մեջ կգցեն:
— Լավ, մյուս անգամ էդպես կանեմ,- ասում է Փիլոսը:
Մյուս անգամ մի կատվի ձագ է գտնում.աշխատում է կրծքիւն ամրացնել ու դրա համար այնքա՜ն է չարչարում կատվին, խեղճը սատկում է:
Գալիս է մորը պատմում: Մայրն ասում է.
-Հիմա՛ր, կատվին «փիսի-փիսի» կանեն, ոչ թե էդպես…
-Լա՛վ, մյուս անգամ էդպես կանեմ:
Մի քանի օր հետո նապաստակ է պատահում: Փիլոսը սիրով «փիսի-փիսի» է կանչում: Եվ քանի նա կանչում է, նապաստակը հեռու է փախչում:
Գալիս է մորը պատմում, թե ինչպես է նապաստակը փախել:
-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը,-նապաստակին փայտով ու հրացանով կխփեն, ոչ թե «փիսի-փիսի» կանեն:
-Եկող անգամ էդպես էլ կանեմ, մայրի՛կ:
Եկող անգամ լաց լինելով գալիս է տուն:
-Ի՞նչ է պատահել,-հարցնում է մայրը:
-Գնացի դաշտ, մի հորթ պատահեց, փայտով խփեցի, ոտը կոտրվեց, հնձվորները բռնեցին ծեծեցին ինձ:
-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը: Հորթին փայտով չեն խփի, իսկ մարդի, հնձվորի պատահելիս՝ «բարի աջողում» կասեն:
-Լա՛վ, մայրի՛կ, մյուս անգամ էդպես կանեմ:
Մյուս անգամ հանդիպում է մի մեծ խումբ մարդկանց, որ մեռել էին տանում թաղելու:
-Բարի աջողո՜ւմ, բարի աջողո՜ւմ,- գոռում է Փիլոսը:
Մարդիկ բռնում են դրան՝ մի լավ ծեծում, և նա լալով գալիս է էլի մորը պատմում գլխով անցածը:
-Վա՜յ, տղա,- մեռելի պատահելիս՝ կտխրեն, լաց կլինեն, կասեն «աստուծով մխիթարվեք» :
— Լավ, եկող անգամ էդպես կանեմ,- խոստանում է Փիլոսը:
Մի քանի ժամանակ հետո գյուղով անցնելիս, տեսնում է հարսանիք, բակում մարդիկ, կանայք պարում են, ուրախանում:
Փիլոսը մոտենում է, ուրախության ու պարի տաք ժամանակը՝ գլխարկը վերցնում է ու բարձրաձայն լաց լինում.
-Աստուծով մխիթարվեք,-ասում է,-աստուծով մխիթարվեք…
Մարդիկ բռնում են դրան, մի լավ ծեծում ու հարսանիքից դուրս անում: Ճանապարհին պատահում է մի տերտերի.կարծում է՝ դա էլ է իրեն ծեծելու, հայհույ է անում, որ փախցնի:
Բայց տերտերը մոտենում, գավազանով խփում է դրան և ճանապարհը շարունակում:
Իսկ Փիլոսը գալիս է տուն ու բոլորը լալով պատմում է մորը.
-Վա՛յ, Փիլոս, վա՛յ,- ասում է մայրը: -Տերտեր տեսնելիս՝ գլխարկը կվերցնեն, կչոքեն և կասեն. «Օրհնի, տեր հայր»:
-Մյուս անգամ, մայրի՛կ, էդպես կանեմ:
Եվ շատ չի անցնում, մի օր Փիլոսը գնում է անտառ: Շատ է գնում անտառում, քիչ է գնում, մեկ էլ պատահում մի արջի:
Փիլոս, դու փիլո՜ս…
Արջին տեսնում է թե չէ՝ ծունկ է չոքում ու ասում.
-Օրհնի՜, տեր հայր, օրհնի՜…
Արջը թաթերով խփում է դրան, գցում գետին ու վրան նստում:
Փիլոսը վախից լռում է ու շունչը քաշում իրեն:
Արջը տեսնում է էլ ձայն-շունչ չկա, թողնում է հեռանում:
Իսկ Փիլոսը վեր է կենում ու մինչև տուն վազելը մեկ է անում:
Ու այդ օրվանից, ասում են, Փիլոսը խելոքացել է, էլ հիմարություններ չի անում:
Առաջադրանք՝
Խորհուրդնե’ր տուր Փիլոսին։
Բարև Փիլոս ջան, դու շատ լավ տղա ես։ Բայց ես քեզ խորհուրդ կտաի, որ դու ճիշտ հասկանաիր քո մայրիկի ասածները և մի — քիչ ուղեղտ աշխատացն էիր։