Հազարյան հավք 9 — ից 10 — րդ մասեր

ԱՐԵԳԸ ԿԱՐՄԻՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Շատ գնաց Արեգը, թե քիչ գնաց, վերին Աստված միայն գիտի, գնա՜ց, հասավ Կարմիր աշխարհ: Հասավ Կարմիր աշխարհ. երկինքը` կարմիր, գետինքը` կարմիր, ջուրը` կարմիր, խոտը` կարմիր, ծաղիկը` կարմիր: Քամի Ձին ծիածանի վրայով էլ անց կացավ ու Արեգին իջեցրեց Կարմիր աշխարհի Կարմիր քաղաքի մոտ: Առաջ գնաց Արեգը, գնաց, տեսավ` քաղաքի առջև ժողովուրդ է հավաքված: Բոլորն արնագույն շոր հագած, իրենց ծեր թագավորը քաղաքի դիմացի սարի դեմուդեմը կանգնած, բռունցքներն առաջ պարզած, կանչում է.
— Դուրս թող իմ աղջկան, անիրավ, արձակիր իմ աղջկան, անգութ: Բաց թող,  հետ տուր իմ ծերության խնդությունը, իմ աչքի լույսը, կյանքի հույսը…
Եվ դիմացի սարի քարայրից ծուխ ու կրակ է բարձրանում, ու բարձր հռհռոց է լսվում:
— Էս ի՞նչ է նշանակում,- հարցրեց Արեգը մի ծեր մարդու,- ի՞նչ է կանչում ձեր թագավորը, էն ի՞նչ ծուխ ու բոց է, էն ո՞վ է հռհռում թագավորի անզոր կանչի վրա…
— Էն սարի մեջ, էն մութ քարայրում բուն է դրել սարսափելի վիշապը` Քավթառ Քուրսին,- պատասխանեց ծերունին,- նա հափշտակել ու տարել է մեր թագավորի մինուճար աղջկան` սիրուն Վարդերին: Շատ քաջեր ու կտրիճներ գնացին, ոչ ոք չկարողացավ ազատի թագավորի աղջկան: Բոլորն էլ գնացին ու հետ չեկան: Հիմա էլ ծերունի թագավորը հուսահատ կանչում է վիշապի քարանձավի դիմաց, վիշապն էլ հռհռում է թագավորի վրա: Էսպես պատմեց ծերունին, ու Արեգն առաջ անցավ, հասավ թագավորին, երեք անգամ գլուխ տվեց, վրա երրորդին ասաց.
— Թագավորն ապրած կենա, իրավունք տուր ինձ` գնամ, սպանեմ չար վիշապին ու ազատեմ քո գեղեցիկ աղջկան:
— Մեղք ես, ա՜յ որդի,- ասաց դժբախտ թագավորը,- քեզ նման շատ կտրիճներ ու շատ զորքեր եմ ուղարկել. ամենքը ջարդվել, ջնջվել են: Անիրավը քարանձավից հուր ու բոց է ժայթքում, ամենքին հող ու մոխիր է դարձնում:
— Ես կազատեմ քո աղջկան,- կրկնեց Արեգն ու գնաց դեպի վիշապի քարանձավը: Անցավ իրենից առաջ գնացած մարդկանց մոխիրների միջից, մոտեցավ քարանձավի դռանը: Հանկարծ մի խուլ որոտ լսվեց, ու դուրս ժայթքեց հուր ու բոց հրեղեն շնչի հետ: Արեգն անահ մտավ կրակի մեջ ու առաջ գնաց. կրակից պաշտպանվելու հրաշագործ աղոթքը գիտեր, աղոթելով անցավ ու ներս մտավ: Ներս մտավ, տեսավ քարանձավի մթում կուտակված մի այլանդակ պառավ. քիթը գետնին է հասնում, ժանիքները գլխից վերև են բարձրացել, խռիվ մազերը ցից-ցից` անտառի նման, մի աչք ունի, ու էդ մի աչքը կրակի նման վառվում է արյունոտ ճակատի վրա, իսկ բերանից հուր ու կրակ է թափում: Պառավ Քուրսին Արեգին տեսավ թե չէ, գոչեց.
— Հետ դարձիր, անահ տղա, հե՜տ դարձիր, թե չէ կայրե¯մ, կխորովե¯մ քեզ, հող ու մոխիրդ քամուն կտամ…
Արեgը պատասխանի փոխարեն քաշեց իր զիլ աղեղը, նետը շառաչելով զարկեց Քավթառի կրծքին ու մեջքից դուրս եկավ. բոցը հանգավ, ծուխը ցրվեց: Արեգն առաջ անցավ, տեսավ շղթաներով ամուր կապված երկու գեղեցիկ աղջիկ: Թրով զարկեց, շղթաները փշրեց ու աղջիկներին քարանձավից դուրս բերեց արևի լուսը: Դուրս բերեց թե չէ, աղջիկներից մեկն ասաց.
— Մշտադալար Այգու թագավորի աղջիկն եմ ես: Դու ինձ ազատեցիր, սիրուն տղա, երանի մի անգամ գաս մեր երկիրը, որ ես էլ քեզ մի լավություն անեմ:
Ասաց, մի մատանի գցեց Արեգի վրա ու ծիտ դարձավ, ծլվլալով թռավ-գնաց: Արեգն առավ Վարդերին, բերեց տվեց իր հորը` ծերունի թագավորին: Թագավորը գրկեց իր աղջկան, գրկեց Արեգին ու ասաց.
— Քաջ ու անահ տղա, արի ամուսնացիր իմ գեղեցիկ Վարդերի հետ, եղիր իմ ժառանգն ու իմ որդին ու թագավորիր իմ տեղը:
— Չէ,  ես ոչ կին եմ ուզում, ոչ թագավորություն,- պատասխանեց Արեգը,- ես նպատակ ունեմ, իմ նպատակի հետևից եմ գնում: Երկնքի երեսին լինի, թե գետնի տակին, ես պետք է գտնեմ Հազարան Հավքը, տանեմ մեր աշխարհքը, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը` մարդ: Կա՞ մեկը ձեր աշխարհքում, որ գիտենա, թե որտեղ է գտնվում Հազարան Հավքը:
— Իմ թագավորության մեջ շատ որսորդներ կան ու շատ մարդիկ, որ հասկանում են թռչունների լեզուն. նրանք կգտնեն քո թռչունը,- ասաց թագավորն ու հավաքեց իր տերության բոլոր աշխարհք տեսած մարդկանց ու հին որսկաններին: Բայց ամենքն էլ հայտնեցին, թե ոչ միայն Հազարան Հավքի տեղը չգիտեն, մինչև անգամ անունն էլ չեն լսել: Մնաս բարով արեց Արեգը թագավորին ու ժողովրդին ու էս քաղաքից էլ դուրս եկավ: Գնաց մի դաշտ, ձիու մազը կրակին տվեց թե չէ, Քամի Ձին հայտնվեց առաջին:
— Ինձ տար հուրի-փերիների, լուսեղեն ոգիների Մշտադալար Այգին,- հրամայեց Արեգը:

ԱՐԵԳԸ ՀՈՒՐԻ-ՓԵՐԻՆԵՐԻ ՄՇՏԱԴԱԼԱՐ ԱՅԳՈՒՄ

Քամի Ձին Արեգին բարձրացրեց օդ ու սուրաց կայծակի ու փոթորկի նման դեպի լուսեղեն ոգիների Մշտադալար Այգին: Էնտեղ անվերջանալի կանաչկարմիր գարուն էր ու լույս: Անթառամ այգիների երփներանգ, բուրավետ ծաղիկների մեջ փայլատակում էին շողակնի ու փիրուզի ապարանքները, ճաճանչելով կարկաչում էին անմահական ջրերը, ու զվարթ աղմուկով երգում էին դրախտի հավքերը: Ցած իջավ Արեգը սարից, մտավ Մշտադալար Այգին ու քիչ մնաց խելքը գլխիցը թռչեր անմահական ծաղիկների անուշ բուրմունքից, դրախտային հավքերի երգերից ու փիրուզե շատրվանների մեղմ խոխոջներից: Ու ոչ մի արարած, ոչ մի մարդկային ձեն: Երջանկությունից արբած ու վերացած` Արեգը մտավ զմրուխտյա ու բյուրեղյա ապարանքը: Մի սեղան է բաց արած` Աստծո ամեն բարին մեջը, ու էնտեղ էլ դարձյալ ոչ ոք չկա: Շատ սպասեց, թե քիչ, հանկարծ հեռվից մեղմ ու անուշ երաժշտության և ուրախ, հնչուն ծիծաղի ձայներ լսվեցին: Ձայները հետզհետե մոտեցան: Արեգը թաքնվեց ու սպասեց: Տեսավ` իրար հետևից եկան երեք խումբ հուրի-փերիներ, ու ամեն խմբի մեջ` մի-մի անտես-աննման թագուհի: Երեք խումբն էլ ներս մտավ, երեք թագուհիները բազմեցին, ու մյուսներն էլ` նրանց շուրջը: Ու քնքուշ, զվարթ աղմուկով լցվեց էն զմրուխտյա ապարանքը: Սկսեցին ուտել, խմել, ուրախանալ: Ուրախության ժամանակ վեր կացավ էն երեք թագուհիներից մեկը, նեկտարի բաժակն առավ ու էսպես խոսեց.
— Անուշ քույրեր, էն տղի կենացը, որ ինձ ազատեց Սև դևի գերությունից, արև ու լույս տվեց մութ աշխարհքին: Ա¯խ, երանի թե երբևիցե նա հայտնվեր մեր երջանիկ կողմերում, որ ես էլ կարողանայի նրան լավություն անել:
Ամենքը խմեցին երկնային նեկտարը և գովեցին էն կտրիճի քաջությունը, որ իրենց քրոջն ազատել էր Սև դևի գերությունից: Հետո ոտքի կանգնեց երկրորդ քույրը, բաժակը բարձրացրեց, ասաց.
— Երկաթե Ձեռքն ինձ գերել ու գերի էր արել ծովի հատակին: Էս բաժակն էլ խմենք էն հերոս տղի կենացը, որ խորտակեց Երկաթե Ձեռքին, ինձ ազատեց նրա գերությունից, իսկ Կապույտ աշխարհի խեղճ ժողովրդին փրկեց սովից ու մահից… Ա¯խ, երանի թե մի օր մեր դյութական աշխարհքը գար նա, որ ես էլ կարողանայի նրան լավություն անել…
Ամենքը խմեցին երկնային նեկտարը, գովեցին հերոսի սիրտն ու զորությունը ու ցանկացան, որ օրերից մի օր նրան տեսնեին: Ապա վեր կացավ երրորդ քույրը:
— Քույրեր,- ասաց,- էս բաժակն էլ խմենք էն ազնիվ հերոսի կենացը, որ սատկացրեց Քավթառ Քուրսի հրեշին ու ինձ ազատեց նրա մութ ու զարհուրելի քարանձավի գերությունից: Ա¯խ, երանի թե նա էլ մի օր ընկներ մեր մշտադալար աշխարհքը, որ կարողանայի իր արած լավության դիմաց ես էլ նրան լավություն անել:
Ամենքը միասին էս կենացն էլ խմեցին, գովեցին հերոսի ուժն ու արիությունը ու շատ ցանկացան, որ սրան էլ մի օր տեսնեին:
— Ա¯խ,- շարունակեց փոքր քույրը,- եթե երբևիցե նա հայտնվեր մեր երջանիկ աշխարհքում, ես կխնդրեի մեր հորը, որ թողներ նրան` միշտ ապրեր մեր դրախտում ու վայելեր մեր Մշտադալար Այգու վայելչությունը: Բայց, ափսո¯ս, օձն իր պորտով, հավքն իր թևով չի կարող մեզ մոտ հասնել…
Էս խոսքի վրա Արեգը դուրս եկավ իր թաքստոցից ու կանգնեց լուսեղեն աղջիկների առաջին: Ամենքը միասին վեր թռան, ճչացին ահից ու զարմանքից: Արեգը ցույց տվեց նրանց տված մատանիները: Նայեցին, ճանաչեցին իրենց ազատարարին ու էնպես մի խելագար խնջույք սարքեցին, որ ոչ լեզվով պատմել կլինի, ոչ գրչով նկարագրել: Հետո հարցրին, թե ինչպես է եղել, որ իրենց աշխարհքն է ընկել Արեգը, ուր է գնում, ինչու է գլուխը տվել փորձանքների ու զրկանքների: Եվ երբ իմացան, որ Հազարան Հավքի հետևից է գնում, շատ խնդրեցին, որ հետ կենա էդ վտանգավոր մտքից, որովհետև անհնար է, ասին, ձեռք բերել Հազարան Հավքը:
— Մնա մեզ մոտ,- ասացին նրանք,- մնա մեզ մոտ` միշտ ուրախ ու երջանիկ, անհոգ ու զվարթ…
— Ոչ,- պատասխանեց Արեգը,- ես նպատակ ունեմ, պետք է գնամ իմ նպատակի հետևից: Պետք է գտնեմ Հազարան Հավքը, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը` մարդ: Ու քանի դեռ իմ նպատակին չեմ հասել, ոչ վայելչություն կա, ոչ հանգստություն ինձ համար: Հուրի-փերիները, երբ որ տեսան Արեգն իր ճամփից հետ չի դառնալու, էն ժամանակ ասին.
— Հազարան Հավքը պահվում է Կախարդական անմեռ աշխարհում` կախարդական ապարանքի մեջ, ուր քնած է Հազարան Հավքի Տիրուհին: Սիրուն տղա, դու պետք է գնաս Սպիտակ աշխարհ, անցնես Սպիտակ ծովը, մտնես Կախարդական աշխարհ ու անցնես Սև քարերը,  Լեղի գետը, փշոտ անապատը, հասնես Տաճարին, ուր պահված է Հազարան Հավքը: Բայց իմացիր, դեռ ոչ մի հողածին հետ չի եկել այնտեղից, ոչ մի հողածնի ոտք չի դիպել Տաճարի աստիճաններին: Գնա, արի Արեգ, Քամի Ձին քեզ կտանի մինչև Սպիտակ աշխարհ, Սպիտակ ծովի մոտ…
— Է¯յ, Քամի¯ Ձի,- ձայն տվին հուրի-փերիները, և Քամի Ձին հայտնվեց Արեգի առջև:
Արեգը շնորհակալություն հայտնեց հուրի-փերիներին, մնաս բարով ասեց, հեծավ Քամի Ձին, բռնեց ոսկի սանձն ու սուրաց երկնքով դեպի Սպիտակ աշխարհ:

  1. Հատվածիդ դուրս գրիր ածականները:

Բոլոր ածականները ես դուրս եմ գրել բոլդով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s