ՉախՉախ թագավորը Բ մաս

Մյուս օրը աղվեսը ետ գալիս է, թե՝ Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի, ձեր կոտը տվեք, չափենք կբերենք։

Կոտն առնում է տանում։ Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ բերում։

— Օֆ,— ասում է,— մեռանք մինչև չափեցինք։ Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում։ Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում։

Անց է կենում մի քանի օր։ Մի օր էս աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե՝ Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է։

Թագավորն ուրախանում, աշխարհքով մին է լինում։

— Դե գնացեք, ասում է, շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք։

Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում։

Վազում է ջաղացպանին աչքալույս տալի, թե՝ հապա թագավորի աղջիկը քեզ համար ուզել եմ։ Պատրաստ կաց, որ գնանք հարսանիք անենք։

— Վա՜յ, քու տունը քանդվի, այ աղվես, էդ ի՞նչ ես արել,— ասում է վախեցած ջաղացպանը։— Ես ով, թագավորի աղջիկը ով։ Ոչ ապրուստ ունեմ, ոչ տուն ու տեղ, ոչ մի ձեռք շոր… հիմի ես ի՞նչ անեմ..

— Դու մի վախենա, ես ամեն բան կանեմ, հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ։

Վազելով ընկնում է պալատը. Հայ-հարա՜յ, Չախչախ թագավորը մեծ Գանգեսով գալիս էր, որ պսակվի։ Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան։ Ինքը ազատվեց փախավ։ Ձորում մի ջաղաց կա, եկել է մեջը մտել: Ինձ ուղարկեց, որ գամ իմաց անեմ, շոր տանեմ, գա պսակվի շուտով գնա իր թշնամիներից վրեժն առնի։

Թագավորը իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն։

Գալիս են հանդեսով ջաղացի դռանը կանգնում։ Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն։ Շրջապատված մեծամեծներով, առջևից ձիավորներ, ետևից ձիավորներ, էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը։ Իր օրում պալատ չտեսած ջաղացպա՛ն, շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է նայում, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու՝ զարմանում։

— Էս ինչու չտեսի նման դես ու դեն է նայում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։— Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած։

— Չէ, դրանից չի,— պատասխանում է աղվեսը։— Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե՜ղ, էս որտեղ…

Նստում են ճաշի։ Տեսակ- տեսակ կերակուրներ են բերում։ Ջաղացպանը չի իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի։

— Ինչո՞ւ չի ուտում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։

— Գալու ժամանակ ճամփին որ կողոպտեցին, նրա համար միտք է անում։ Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան և վերջապես ինչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար։ Ինչպե՞ս հաց ուտի,— պատասխանում է աղվեսը հառաչանքով։

— Բան չկա, դարդ մի անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատահի,— խնդրում է թագավորը։— Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք։

Ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի, յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում։ Աղվեսն էլ դառնում է քավոր։

  1. Հատվածը սովորել շատ լավ կարդալ, պատմել:
  2. Կարմիրով նշված բառերի բացատրությունը բառարանում նայիր, սովորիր:

խնամախոս — Հարսնախոս

շշկլված — շփոթված

կողոպտեցին — առավանգել, ուրիշի ունեցվածքը խլել

  1. Մանուշակագույնով նշված դարձվածքների իմաստները բացատրիր:

միտք է անում — մտածում է

բերանը բաց — ապուշ

  1. Վերնագրիր հատվածը:

Չախչախն թագավոր

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s