1
Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։
2
Էսպես, ահավոր առյուծի նըման,
Սասմա սարերում նստած էր իշխան
Քառասուն տարի։ Քառասուն տարում
«Ա՜խ» չէր քաշել նա դեռ իրեն օրում.
Բայց հիմի, երբ որ եկավ ծերացավ,
Էն անահ սիրտը ներս սողաց մի ցավ։
Սկըսավ մըտածել դյուցազուն ծերը.
— Հասել էն կյանքիս աշնան օրերը,
Շուտով սև հողին կերթամ ես գերի,
Կանցնի ծըխի պես փառքը Մըհերի,
Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,
Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա
Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև…
Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև
Իմ թուրը կապի, Սասուն պահպանի…
Ու միտք էր անում հըսկան ծերունի։
3
Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած
Երբ միտք էր անում, երկընքից հանկարծ
Մի հուր-հըրեղեն հայտնվեց քաջին,
Ոտները ամպոտ կանգնեց առաջին։
— Ողջո՜ւյն մեծազոր Սասմա հըսկային.
Քու ձենը հասավ աստծու գահին,
Ու շուտով նա քեզ մի զավակ կըտա։
Բայց լավ իմանաս, լեռների արքա,
Որ օրը որ քեզ ժառանգ է տըվել,
Էն օր կըմեռնեք քու կինն էլ, դու էլ։
— Իր կամքը լինի, ասավ Մհերը.
Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք։
Հըրեշտակն էստեղ ցոլացավ նորից,
Ու էս երջանիկ ավետման օրից
Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ,
Առյուծ-Մըհերը զավակ ունեցավ։
Դավիթ անվանեց իրեն կորյունին,
Կանչեց իր ախպեր Ձենով Օհանին,
Երկիրն ու որդին ավանդեց նըրան,
Ու կինն էլ, ինքն էլ էն օրը մեռան։
- Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:
հռչակ — Լուր, տեղեկություն:
դյուցազն — Աստվածների ցեղից սերված, կիսաստված:
ցոլացավ — Անդրադառնալ, արտացոլվել, արտացոլք ստանալ:
հուր-հրեղեն — հրեշտակ
- Բացատրիր կյանքի աշնան օրերը, ծխի պես անցնել, ամպոտ ոտներ, հոգին ավանդել, իր կամքը լինի, զարմով դյուցազուն, անմեռ մնալ արտահայտությունները:
կյանքի աշնան օրերը,— եկել է իմ կյանքի վերջին օրերը:
ծխի պես անցնել — անցել, ծխի պես վերացել
ամպոտ ոտներ — անմեղ սուրբ
հոգին ավանդել — մահանալ
իր կամքը լինի — իր ուզածը լինի
դյուցազուն — Կիսաաստված
- Դուրս գրիր Մհերին վերաբերող տողերն ու արտահայտությունները:
Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Հասել էն կյանքիս աշնան օրերը,
Շուտով սև հողին կերթամ ես գերի,
- Ինչո՞ւ Մհերը ընդունեց «հուր-հրեղենի» առաջարկը: Կարծիքդ հիմնավորիր:
Նրան թվաց, որ ավելի լավ է մահանամ ժառանգ ունենամ, քան ուղակի մահանամ: