Ստեփան Զորյան․«Փիլոսը»

Գյուղացու մեկն ունենում է մի հիմար տղա՝  անունը  Փիլոս: Մի օր, հանդից վերադառնալիս սա մի ասեղ է գտնում ճանապարհին, գցում է սայլի մեջ, որ բերի տուն: Ու, տուն հասնելով, մորն ուրախացնում է,թե քեզ համար ասեղ եմ բերել: Որքան փնտրում է՝ ասեղը չի գտնում սայլի մեջ:

Այդ ժամանակ մայրը հանդիմանում է նրան.

— Հիմա՛ր,- ասում է,-գտած ասեղը շորի կուրծքը կամ թևքը կխրեն, ոչ թե սայլի մեջ կգցեն:

— Լավ, մյուս անգամ էդպես կանեմ,- ասում է Փիլոսը:

Մյուս անգամ մի կատվի ձագ է գտնում.աշխատում է կրծքիւն ամրացնել ու դրա համար այնքա՜ն է չարչարում կատվին, խեղճը սատկում է:

Գալիս է մորը պատմում: Մայրն ասում է.

-Հիմա՛ր, կատվին «փիսի-փիսի» կանեն, ոչ թե էդպես…

-Լա՛վ, մյուս անգամ էդպես կանեմ:

Մի քանի օր հետո նապաստակ է պատահում: Փիլոսը սիրով «փիսի-փիսի»  է կանչում: Եվ քանի նա կանչում է, նապաստակը հեռու է փախչում:

Գալիս է մորը պատմում, թե ինչպես է նապաստակը փախել:

-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը,-նապաստակին փայտով ու հրացանով կխփեն, ոչ թե «փիսի-փիսի»  կանեն:

-Եկող անգամ էդպես էլ կանեմ, մայրի՛կ:

Եկող անգամ լաց լինելով գալիս է տուն:

-Ի՞նչ է պատահել,-հարցնում է մայրը:

-Գնացի դաշտ, մի հորթ պատահեց, փայտով խփեցի, ոտը կոտրվեց, հնձվորները բռնեցին ծեծեցին ինձ:

-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը: Հորթին փայտով չեն խփի, իսկ մարդի, հնձվորի պատահելիս՝ «բարի աջողում» կասեն:

-Լա՛վ, մայրի՛կ, մյուս անգամ էդպես կանեմ:

Մյուս անգամ հանդիպում է մի մեծ խումբ մարդկանց, որ մեռել էին տանում թաղելու:

-Բարի աջողո՜ւմ, բարի աջողո՜ւմ,- գոռում է Փիլոսը:

Մարդիկ բռնում են դրան՝ մի լավ ծեծում, և նա լալով գալիս է էլի մորը պատմում գլխով անցածը:

-Վա՜յ, տղա,- մեռելի պատահելիս՝ կտխրեն, լաց կլինեն, կասեն «աստուծով մխիթարվեք» :

— Լավ, եկող անգամ էդպես կանեմ,- խոստանում է Փիլոսը:

Մի քանի ժամանակ հետո գյուղով անցնելիս, տեսնում է հարսանիք, բակում մարդիկ, կանայք պարում են, ուրախանում:

Փիլոսը մոտենում է, ուրախության ու պարի տաք ժամանակը՝ գլխարկը վերցնում է ու բարձրաձայն լաց լինում.

-Աստուծով մխիթարվեք,-ասում է,-աստուծով մխիթարվեք…

Մարդիկ բռնում են դրան, մի լավ ծեծում ու հարսանիքից դուրս անում: Ճանապարհին պատահում է մի տերտերի.կարծում է՝ դա էլ է իրեն ծեծելու, հայհույ է անում, որ փախցնի:

Բայց տերտերը մոտենում, գավազանով խփում է դրան և ճանապարհը շարունակում:

Իսկ Փիլոսը գալիս է տուն ու բոլորը լալով պատմում է մորը.

-Վա՛յ, Փիլոս, վա՛յ,- ասում է մայրը: -Տերտեր տեսնելիս՝ գլխարկը կվերցնեն, կչոքեն և կասեն. «Օրհնի, տեր հայր»:

-Մյուս անգամ, մայրի՛կ, էդպես կանեմ:

Եվ շատ չի անցնում,  մի օր Փիլոսը գնում է անտառ: Շատ է գնում անտառում, քիչ է գնում, մեկ էլ պատահում մի արջի:

Փիլոս, դու փիլո՜ս…

Արջին տեսնում է թե չէ՝ ծունկ է չոքում ու ասում.

-Օրհնի՜, տեր հայր, օրհնի՜…

Արջը թաթերով խփում է դրան, գցում գետին ու վրան նստում:

Փիլոսը վախից լռում է ու շունչը քաշում իրեն:

Արջը տեսնում է էլ ձայն-շունչ չկա, թողնում է հեռանում:

Իսկ Փիլոսը վեր է կենում ու մինչև տուն վազելը մեկ է անում:

Ու այդ օրվանից, ասում են, Փիլոսը խելոքացել է, էլ հիմարություններ չի անում:

Առաջադրանքներ

1..Բացատրի՛ր հետևյալ բառերը, արտահայտությունները. գյուղացու մեկը գլխով անցածը, պարի տաք ժամանակը, «հայ-հույ» անել, շունչը իրեն քաշել,  վազելը մեկ անել, հանդ, հանդիմանել, գավազան:

գյուղացու մեկը — մի գյուղացի

գլխով անցածը — իր հետ պատահածը

պարի տաք ժամանակը — հարսանիքի թեժ պահին

«հայ-հույ» անել — աղմուկով քշել

շունչը իրեն քաշել — շունչը պահել 

վազելը մեկ անել — արագ վազել

հանդ — դաշտ

հանդիմանել — նեղանալ

գավազան — ձեռնափայտ

2.Հեքիաթը բաժանի՛ր փոքր մասերի և յուրաքանչյուր մասի համար վերնագիր մտածի՛ր:

  1. «Փիլոսն ու կատուն»
  2. «Փիլոսն ու նապաստակը»
  3. «Փիլոսն ու գյուղացիները»
  4. «Փիլոսն ու մեռել թաղողները»
  5. «Փիլոսն ու հարսանքավորները»
  6. «Փիլոսն ու տերտերը»
  7. «Փիլոսն ու արջը»

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s